?

Log in

No account? Create an account

[sticky post]Livejournal/Twitter
mrchuk


Հարգելի անծանոթ ընթերցողներ, ու ընկերներ, մոտ մի տարի այս բլոգը չի թարմացվում քանի որ նման չափի review-ներ պատրաստելը բավականին ժամանակ են պահանջում, ինչը ցավոք ես հիմա չունեմ: Վերջերս որոշեցի անցնել բացառիկ մի ոճի՝ թվիթեռ (140, կամ ավելի ճիշտ 120 սիմվոլանոց՝ կարճ) կինոռեվյուների: Հետագայում գուցե շարունակեմ գրել այստեղ՝ սակայն դա կլինի ոչ շուտ. livejournal-ին հրաժեշտ եմ տալիս անորոշ ժամանակով:
Ում հետաքրքիր էր առաջ, կամ հետաքրքրեց հիմա՝ կարող եք շարունակել հետևել ինձ այստեղ

ԿինոԼուր 01
mrchuk

100% Օն նէ Գարեգին Նժդեհ
mrchuk

Garegin-Nzhdeh-2037169

Այս գրառումը նախատեսված չէ բլոգնյուզի համար (ց)art_yeg

Թրեյլեռում նենց ընդգծված տղավարի էր արտասանվում «Փա՛նԱրմե՛նյան ֆի՛լմս», որ մտածում էի՝ հեսա առաջին կարգի «մյասըկալբասնսծի» եմ ականատես լինելու: Բայց ֆիլմը դեռ չսկսած, երբ բացի ձայնից ներկայացրեցին նաև լոգոն, գեռմաֆռոդիտ քարաարծվանման ինչ-որ ծտի թռիչքը, միանգամից հասկացա, որ դժվար ստացած լինեն էն, ինչին հավակնում էին: Հետո եկավ ինթրոն, որը ուներ միայն մեկ նպատակ՝ հիշեցնել, թե թուրքերը ինչքան անասուն են՝ մենակ խաղաղ ժողովուրդ մոռթել գիտեն՝ զգուշացնելով, թե պատրաստվե՛ք, սաղ ընթացքում էս ենք դալբիտ անելու: Երևի շատերն էին սպասում, որ ֆիլմի այցեքարտը դարձած «Յա Գարեգին Նժդեհ»-ի տեսարանը կօգտագործվի լարված կամ կարևոր հատվածներում, բայց ոչ՝ հեղինակները որոշել էին տեղադրել այն հենց սկզբում՝ դոդոռոշ ու ռաբիզ ծիտռերի տակ: Այդ առաջին երկու տեսարանների կապը (այսինքն կապի առկայության բացակայությունը), մեզ հուշում է, որ ռեժիսորը փորձել է հետաքրիր դարձնել ֆիլմի կառուցվածքը և խառնել կատարվող գործողությունների ժամանակները: Սկսում ենք 18 թվականից, ապա տեղափոխվում 50 ականներ, հետո 18 թիվ, հետո 50, հետո 20 հետո 50, հետո 40, հետո 30, հետո 20 ականներ ու տենց շարունակ: Քիթս կտրեմ թե մի բանով էդ տեսարանները իրար կպնում են՝ թե՛ վիզուալ, տարրական մոնտաժի սկզբունքներով (խոսքից անցնում է մի վայրկյան ու քռթ կտրվեց, (նույնիսկ օղորմածիկ Տոնի Սքոթի մտքով չէր գա տենց «հնարք» անել)) թե՛ իմաստային: Բայց ռեժիսորը մեզ չէր մոռանում ամեն անգամ ծիտռերով հիշեցնել, թե որ թիվն է և որտեղ է` անկապ կիսատ կտրվում է մի տեղ, գնում մի ուրիշ, հետո գալիս հին տեղը. հաստատ հիշում եք, թե երբ էր ու որտեղ՝ գործողությունն էլ է նույնը, բայց ենթագիրը անպայման հայտվնում է (այդպես մի 15 անգամ): Որպես բացատրություն կա երկու տարբերակ՝ կամ հանդիսատեսը ռեժիսորի համար տուպոյ ա, որը բավականին հավանական է՝ եզրակացնելով ֆիլմի վերջում հնչած ծափահարություններից, կամ ուղղակի պոնտ ա: Երկրորդ տարբերակը կանցներ եթե գոնե «ՓանԱրմենյանֆիլմս»-ի voicemaster-ը այդ ձայնով ամեն անգամ կարդար ենթագրերը. բայեվիկ-շմայեվիկ ֆիլմերի մթնոլորտ էլի, ծիպը՝ ՑԷ-ԷՌ-ՈՒ 1992 գոդ: Ֆիլմը շարունակվում է, ևս մեկ անգամ շատ ագրեսիվ կերպով նախազուշացվում ես, որ եթե թուրքին թշնամի չես համարում, ուրեմն համարյա՝ «հլը էկար ստէ տիրոջդ մերը»… Հասկանում ես, որ կռվի դաշտում 8 հոգու սպանելը դեռ քիչ է, պետք ա խաղաղ կյանքում էլ իրանց թշնամի համարես ու անցնում ես առաջ: Այս ամենը, ինչպես նաև բոլոր հետագա միկրոճակատամարտերի տեսարանները մեզ ներկայացվում է Լարս Ֆոն Տրիերյան «Դոգմա 95»-ի օրենքների տնազով՝ ձյոռգային կամեռայի շարժումներով, ու ակնթարթային կադրակոխությամբ, որ չզգացվի որ մասովկում ընդամենը 30 հոգի են:

Ամենուրեք թուրքերը ներկայացված են որպես կատարյալ դեբիլներ, ովքեր առիթ են ման գալիս հեշտ մեռնելու համար: Կարծես Նժդեհը beginner level-ով ա խաղում: Տպավորություն ա ստեղծվում, որ էնքան հեշտ էր հաղթելը, ու ով էլ լիներ իր տեղը կհաղթեր: Չկա մի կաթիլ դժվարություն, չկա զգացողություն որ էս մարդիկ տանջվելով, իրենց զոհ տալով են հաղթել, ու հենց դրա համար են հերոսներ: Ու այս ամենը կատարվում է այնպիսի անհամատեղելի երաժշտության ներքո, որ ամեն վայրկյան սպասում ես՝ հեսա բեթմոբիլն ա գալու: Բայց նրանք 3 հոգով բլուր են պաշտպանում, սպանում թուրք «պուլիմյոտչիկ»-ին, ու չշրջելով գնդացիրը՝ կրակում նույն դիրքով... դավաճաննե՞ր էին:

[Կինոն տեղով spoiled ա, կարդացեք]

Հետո տականք թուրքը կրակում է մեր հերոսներից մեկի վրա, ու հենց էդ պահին մարտը վերջանում է, սկսում են սենտիմենտալ վայ-վույի պահերը: Մի՞թե կռիվը գոնե 5% սրա նման ա եղել: Փոխարենը ռեժիսորը օգտագործել է բոլոր հնարավոր «ձիշովի» միջոցները թուրքերի չարագործությունը շեշտելու համար: Նժդեհը միայնակ մոտենում է թուրք կանանց և ասում, որ երբեք ձեռք չի բարձրացնի կանանց և երեխաների վրա, մի քանի վայրկյան անց, կանայք անսպասելիորեն կրակում են նրա վրա, և նույն պահին գետնի տակից իրար կողք-կողքի բուսնում են թուրք ձիավորներն և հայերը: Կամ հայ աղջիկը մտնում է թուրքի ճամբար և վերջիններս գազանի նման պատրաստ են բռնաբարել աղջկան: Հասկանալի է որ ցանկացած պատերազմի ժամանակ էլ եթե լիներ նման իրադրություն, 99% կլիներ նաև բռնաբարություն, բայց այս դեպքում ամեն ինչ չափազանց կեղծ ծայրահեղական էր սարքած՝ կարծես զոմբիների մասին տուֆտա ֆիլմ ես նայում: Հենց այսքանով էլ ավարտվում է այս «էպիկ» ֆիլմի էքշնը:



Փաստորեն Նժդեհի թշնամին միայն թուրքերն էին: Ի՞սկ կարմիր բանակը, էդ երևի հեչ հա՞: Կիսատ-պռատ տեսարաններով ոչ մի բան չասելով ֆիլմը շարժվում ա առաջ՝ էս ի՞նչ էր, հիմա ի՞նչ ա, ու՞ր գնաց, ինչի՞ գնաց, ի՞նչի համար ա հիմա (երբ մեկը մյուսից հետո հաղթանակներ ա տոնում) թողնում ու գնում:  Ռեժիսորը նախընտրում ա ամենակարևոր թեմաներին տրամադրել մի նախադասություն ու պռծնել, իսկ թուրքերի հարցով քարոզչությունը դարձնել դրոշակ: Ամենացավալին այն է, որ սա պատմության մեջ այն եզակի ֆիլմերից է, որտեղ չկա կոնկրետ անտագոնիստի կերպար (բոլորը վատն են, դրա մասին մի քիչ ուշ, բայց կոնկրետ ո՞վ ա հակահերոսը): Ոչ թուրքերը ունեն ինչ-որ առաջնորդ, ում հետ կապված կզարգանա սյուժեն, ոչ էլ ԽՍՀՄ օրգաններում կա այդպիսի մեկը: Հերթական էժանագին քայլը՝ КГБ-ի սպան քֆուրներ է տալիս Նժդեհին, հանդիսատեսի մեջ արթնանում է հայրենասիրությունը՝ ֆսյո ինքն ա չարագործը: Բայց էդ նույն չարագործը ֆիլմի վերջում զարթնում ա ու հանկարծ որոշում բարի լինել: ՀՀԿ-ի ներկայացուցիչները շատ են սիրում ասել այնպիսի վեհ խոսքեր ինչպիսիք են՝ «դպրոցականները շատ բան կսովորեն»՝ ըհը հաստատ: Ըստ ռեժիսորի տրամաբանության այս ֆիլմում կատարվողը հասկանալու համար (ընդամենը կատարվողը՝ որտե՞ղ ա, ի՞նչ ա, ո՞վ ա, ուրիշ հասկանալու բան չկա) դիտողները պետք է մանրամասնորեն հայոց պատմություն ուսումնասիրած լինեն: Սկի մենք մինչև վերջ չենք հասկանում թե ինչ ա եղել, հետաքրքիր է թե ի՞նչ են մտածելու արտասահմանում այս ֆիլմի մասին, մարդիկ ովքեր կյանքում չեն էլ լսել Նժդեհի անունը:


Ասել, թե Նժդեհի կերպարը խայտառակություն է, նշանակում է չասել ոչինչ: Տպավորություն է, թե նա միայն գոռալ ու մուննաթ գալ գիտի, ուրիշ ոչ մի արժանիք: Հատկապես անհեթեթություն է գերմանացիների հետ հանդիպումը, որի ժամանակ նա հիշում և ակնարկ է անում, գերմանական ցեղերից մեկի առաջնորդ Արմինիոսին (արտասնելով ԱրմԵնիոս), ով բացարձակապես ոչ մի կապ չունի հայերի հետ: Իսկ գերմանացիները դեբիլի նման գլուխները թափ են տալիս, մինչդեռ իրականում նման հիմարություն լսելուց կուղարկեին կոնցլագեր: Ու ընդհանրապես ըստ ֆիլմի բոլորը վատն են բացի հայերից՝ Ստալինը վրացի կինտո է, բուլղարացիները՝ դավաճան, ֆրանսիահայերն ու ամերիկահայերը՝ պիժոն, ռուսները՝ տականք, դե թուրքերն էլ պարզ է արդեն: Իսկ սցենարիստի «փայլուն» աշխատանքի շնորհիվ բոլոր երկխոսությունները ստեղծված են միայն նրա համար, որ դրա վերջում Նժդեհի կերպարը իր խոսքով ճտցնի ու ինքնահաստատվի: Այդպես օրինակ վերջին տեսարաններում իրեն զգուշացվում է, որ չպետք է փախչի զբոսանքի ժամանակ (ինչը իրականում շատ պրիմիտիվ է), Նժդեհը պատասխանում է, որ ինքը փախնող տղա չի:

Շարունակելով օպերատորական աշխատանքի թեման, չի կարելի չնշել ռեժիսորի հետ համագործակցության մակարդակը, վերջինիս անիմաստ միզանսցենաները, որտեղ օրինակ ընդհանուր պլանի ժամանակ խոսում է ինչ-որ մեկը ու դու մի ժամ չես հասկանում թե ով է դա, հետո ստատիկ կադրում հերթով ներկա բացակա են լինում այն կերպաները (երբեմն նրանց մարմնի որոշ մասերը) ովքեր պետք է երևան ըստ սցենարի: Գրեթե բոլոր կադրերում չի պահպանվում կոմպոզիցիան ու տհաճ ձևով կտրվում են հերոսների գլխուները: Եվս մեկ հնարք, որը սատկացնում է՝ դա դանդաղ zoom, zoom out-ն է, տանջամահ է անում այն պարզ պատճառով, որ կադրում ոչինչ չի փոխվում: Հանուն արդարության պետք է նշել, որ գունային առումով կան որոշ հետաքրքիր կադրեր, օրինակ հիվանդանոցի տեսարանը, որը գուցե ռեալիզիմի տեսանկյունից կասկածելի մաքուր և սիրուն է, բայց գեղարվեստական առումով շատ մինիմալիստական է ու հաճելի: Ֆիլմում կան մառախուղի տեսարաններ, որոնք չափազանց արհեստական են, կան շատ կարճ թայմլափսեր, որոնց տևողությունը ապացուցում է, որ արված է ընդամենը մոդայից ետ չմնալու համար:

Առանձին թեմա է ձայնային մոնտաժը: Խոսքի ու կրկնվող աղմուկների բարձությունը նույն մակարդակի վրա է, ինչը շատ հաճախ խանգարում է լսել երկխոսությունները: Փարիզի դաշնակների հավաքի տեսարանի ժամանակ ձայնը ակնհայտորեն կտրուկ փոխվում է: Վերը նշված կոմիքսային պաթետիկ սաունդթրեքին վերադառնալով, պետք է նշեմ ֆիլմի երկրորդ ու վերջին արժանիքը: Քեֆի տեսարանի ժամանակ սկսում են երգել զինվորները: Երգը շատ լավն է, լավ են երգում դերասանները, ավելի ուշ ավելանում է երաժշտությունը, արդյունքում ստացվում է շատ բնական ու ազդեցիկ ֆոն, որը ցավոք փչանում է հերթական սենտիմենտալ պատկերաշարի պատճառով:
3D անիմացիայի մասին ուղղակի լռում եմ, հիշում ենք լոգոն ու անցնում առաջ…

Միզանսցենները փուչ են՝ Չուլպան Խամատովան (ով ողջ ֆիլմի ընթացքում չգիտի թե ինչ խաղա) սանրում է երեխայի արդեն իսկ իդեալական սանրված մազերը: Ըստ սցենարի պետք է երկխոսություն լիներ, մտածեցին որ ինչ-որ գործողություն էլ եթե լիներ չէր խանգարի: Կերպարների ինքնահակասությունն էլ սպանում է գոնե ինչ-որ մեկին ապրումակցելու վերջին հույսը: Երբ երկրորդական հերոսը սկզբից հանգիստ ասում է, որ իր յարը էսօր կա վաղը չկա, իսկ մի րոպեից նույնը լսում է յարի կողմից ու սկսում նվնվալ, դա դեռ ոչինչ, բայց երբ գլխավոր հերոսին Խամատովան զգուշացնում է, որ այսինչը այսինչ է, ու Նժդեհը զարմանում է և չի հավատում, ապա լսելով նույնը օրգաններից, իրեն պահում է այնպես կարծես երբեք էլ չէր կասկածել դրանում, դա արդեն կեղծավորություն է: Դերասանական խաղի մասին չեմ էլ ուզում գրել՝ խաղալու բան չունեն, ով էլ որ ունի արդեն գիտեք ոնց ա խաղում:
Ականջներից ձգած, երկուս ու կես ժամ տևող այս ֆիլմն ավարտվում է այնպիսի քշած ու դեմագոգ տեսարաններով, ինչպիսիք են պուճուրիկ կուկույին տեսնել, խնձոր տալը, հայրենի հող հավաքելը, նայելը crop եղած Արարատին ու գոռգոռալը:

Ու այս ամենից հետո հարց է առաջանում՝ ովքե՞ր են վտանգավոր, «Յա Գարեգին Նժդեհ» մեմ սարքողները, թե՞ Գարեգին Նժդեհ ֆիլմի հեղինակները: Մեր հերոսը պաշտոնական մակարդակով որպես «տապոռ-իձիոտ» ներկայացվեց, ու ի տարբերություն մեմերի հեղինակների, այս ֆիլմի ստեղծողները հետո չհասկացողներին չեն բացատրի, որ հումոր են արել: Գլխավոր դերասանը մեկ բարկանում ա, ասում որ ազգային անվտանգությունը պետք ա զբաղվի «Յա Գարեգին Նժդեհ» սարքողներով, որ ամեն հայերեն խոսող հայ չէ, ուղարկում է նրանց սահման՝ «իրենց թուրք եղբայրների մոտ», մեկ էլ ասում ա, որ շատ հումորով է վերաբերվում այս ամենին: Ասում ա, որ շատ բարդ էր նկարահանումները որովհետև նրանց աշուն էր պետք իսկ դուրսը ձյուն էր… Նման խնդրի առաջ չկանգնելու համար նորմալ կինոն 3 ամսում չեն նկարում, չնայած ուրիշները մինչև ընտրությունները հասցնելու խնդիր չունեն:

P.S.

Ու մինչ դեռ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը, աղբը անվանում է հրաշք ֆիլմ, փառք ու պատիվ տալիս բոլոր մատով կպնողներին, ապա վստահ կարող եմ ասել, որ առաջիկա 5 տարում նոր սերնդից ոչ մի ավել բան պետք չի սպասել: Չէ՞ որ ուսանողները պետք է ձգտեն սրա նման հրաշալի ֆիլմ նկարելու:


ՔԽ1 Առաջին Թրեյլեր
mrchuk



Limitless
mrchuk


Մոդայիկ, դինամիկ, թեթև ու ոչ խելոք թրիլլեր

Մեկ ու կես ամիս առաջ համաշխարհային պրեմիեռան նշած «Limitless» ֆիլմը արագորեն եկավ նաև Հայաստան և ըստ ավանդույթի մերոնք թարգմանեցին կինոնկարի անունը հիմք ընդունելով ռուսական վարձույթ մտած անունը՝ «Области тьмы», հայերեն՝ «Խավարի գոտիներ», մինչ դեռ բառացիորեն Limitless նշանակում է անսահման:

Ռեժիսոր Նիլ Բյորգերին Դուք կհիշեք եթե տեսել եք «Իլյուզիոնիստ» կինոնկարը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Էդվարդ Նորթոնը: Բացի այդ ֆիլմից 47 ամյա ռեժիսորը աշխատել էր ընդամենը 2 ֆիլմերում՝ «Interview with the Assassin» և «The Lucky Ones»: Աճպարարի մասին պատմող ֆիլմը իմ կարծիքով հաջող չէր, վերը նշված երկուսը կարող եմ դատել միայն վարկանիշով՝ նրանք ցածր գնահատական ունեն (թե հանդիսատեսի և թե կինոքննադատների), սակայն պետք չէ մոռանալ, որ վարկանիշը մեկ մեկ սխալ է լինում անհատական հանդիսատեսի համար: Բյորգերի նոր աշխատանքը իր մեջ պարունակում է արագ զարգացող սյուժե, բազմաթիվ օպերատորական հնարքներ, բարձր տրամադրություն ստեղծող ռիթմիկ երաժշտություն, և այս ամենի շնորհիվ ֆիլմը դառնում է կարուսելի նման և դիտվում է շատ արագ: Հաշվի առնելով այս ամենը պետք է արժանին մատուցել ֆիլմին և ասել, որ պրոֆեսիոնալ աշխատանք է տարված, սակայն այն չի կարող ձգտել ավելիին քանի որ վերջնական ասելիքը ֆիլմի շատ և շատ սխալ է:

Էդդին չի կարողանում հաղթահարել իր ստեղծագործական ճգնաժամը, լինելով հայտնի գրող նա անզոր է նույնիսկ մեկ տող գրելուն: Այդ անհաջողությունը կարծես անդրադառնում է նաև նրա անձնական կյանքի վրա, մի խոսքով նա շատ վատ դրության մեջ է: Եվ ահա փողոցում մեր հերոսը հանդիպում է իր վաղեմի ծանոթին և նրանք որոշում են խմել, զրույցի ժամանակ ծանոթը իմանալով Էդդիի անհաջողությունների մասին, առաջարկում է դեղահաբ, և խոստանում, որ այն ոտքից գլուխ կփոխի Էդդիի կյանքը՝ այն ուժեղացնում է ուղեղի աշխատանքը... Վերջինս հրաժարվում է հասկանալով, որ իր ծանոթը անցյալում թմրամոլ է եղել: Երբ նշվում է հաբի գինը և այն փաստը, որ բժիշկների կողմից այն թույլատրված է, Էդդին ընկնում է երկմտանքի առջև` վերցնե՞լ թե ոչ, չէ որ հետևանքները կարող են սարսափելի լինել:

«Խավարի գոտիներ» ֆիլմի սցենարիստ Լեսլի Դիքսոնը լրիվ պատհականորեն գրախանութում հանդիպեց այն գրքին, որի հիմման վրա նա գրեց սցենար, ապա առաջարկեց պրոդյուսեր Սկոթ Կռուպֆին, վերջինս էլ հավանելով այն հրավիրեց Բյորգերին, ով էլ էկրանավորվեց Ալան Գլինի համանուն գիրքը: Սցենարիստի կարծիքով ֆիլմի թեման ակտուալ է մեր ժամանակների համար, քանի որ ամեն օր մեր ուղեղը պետք է հասցնի հետևել, հիշել անվերջ թարմացվող, փոփոխվող ինֆորմացիաին: Նա նշում է նաև, որ ժանրը թեկուզ և գիտաֆանտաստիկ է, սակայն այն շատ հեռու ապագայի մասին չէ, քանի որ այսօր նույնպես բժշկության մեջ գոյություն ունեն դեղահաբեր որոնք ակտիվացնում են ուղեղի աշխատանքը: Դիքսոնը խոսելով դեղահաբի էֆֆեկտի մասին, նշում է, որ լավ ընթացող կյանքը կարողանում է առաջացնել համակրանք հերոսի հանդեպ, իսկ երբ նրա կյանքը վտանգի տակ է լինում, ապա ապրումակցման հարցը արդեն լուծված է լինում, ու սկսում է շատ գրավիչ պատմություն: Շարունակելով հարցազրույցը Լեսլին ասում է, որ չգիտի այնպիսի մարդ, ով չէր ուզենա աշխատեցնել իր ուղեղը 100 տոկոսով, ասելով որ ինքը անպայման կփորձեր նման հնարավորությունը: Լեսլիի ասած վերջին խոսքերը նույնպես ցույց են տալիս այն սխալ գաղափարը, որի մասին խոսեցինք մի քիչ առաջ. Հարցը կայանում է նրանում, որ Լեսլին շեշտը դնում է դինամիկ սյուժեյի վրա, որի վերջնական նպատակն է զվարճացնել հանդիսատեսին, այս դեպքում մարդկային գործոնը՝ ընտրության հոգեբանությունը, հետևանքներից զգուշացումը և գայթակղության ուժը մղվում են հետին պլան, դրանց հետ մեկտեղ ոչ կարևոր է դառնում ֆիլմի ողջ գաղափարը, ինչի ավարտը լրիվ ապացուցում է հանդիսատեսին զվարճացնելու տարբերակը: Իսկ այդ պատճառով ֆիլմի գնահատականը տուժում է քանի, որ նման ավարտը կարող է շատերին դնել սխալ ուղղու վրա, և եթե մեզ մոտ դա անհավանական է թվում, ապա շատ արագ գայթակղվող ամերիկացիների համար ֆիլմի ավարտը կարող է լուրջ խնդիր դառնալ: Ի վերջո եթե վերցնենք մեծ հաշվարկով ապա հաբը ընդունել և չընդունելը դառնում է լուրջ պայքար բնականի ու արհեստականի, իսկ եթե ավելի խորը դիտենք մարդու և ռոբոտի միջև: Դուք կարող եք վիճել և ասել, որ ուղեղը մեկ է մարդունն է, և նրան լրիվ աշխատեցնելը մեղք չէ, սակայն եթե մի պահ պատկերացնենք, որ յուրաքանչյուր մարդ կարող է խմել այդ հաբից և ունենալ ֆանտաստիկ հաջողություններ ապա կհասկանանք, որ դա շատ ցավալի է: Հիշեք Ձեր շրջապատը և օբյեկտիվ հայացքով գտեք ամենավատ մարդուն, հետո պատկերացրեք թե ինչ կլիներ եթե նրա ձեռքում լիներ մի դեղահաբ, որի միջոցով նա կարող էր հիշել ցանկացած ինֆորմացիա, և շատ արագ սովորել ինչ ուզեր: Հետաքրքիրը և միաժամանակ ցավալին այն է, որ այն ինչ հիմա մենք փորձում ենք պատկերացնել, ֆիլմում ցուցադրված է. հետաքրքիր է այն, որ սցենարիստը մտածել է այդ ուղղությամբ, իսկ ցավալին՝ որ այն լուծված է շատ տափակ կերպով: Ես այն կարծիքին եմ, որ ցանկացած մարդ ծնվում է հավասար չափի ուղեղով, և արդեն իր վարած կյանքի միջոցով է աշխատացնում իր ուղեղը:

Շատերը իմանալով, որ այստեղ խաղում է Ռոբերտ Դե Նիրոն, սկսում են ավելի մեծ ուշադրություն դարձնել ֆիլմին: Որքան էլ կարող է տարօրինակ թվալ բայց Դե Նիրոյի խաղը այս ֆիլմում շատ հասարակ է, և հանցագործություն չի լինի եթե ենթադրենք, որ նա ստացել է մի երկրորդական դեր զուտ PR ի համար, և խաղում է բնականաբար անհավես: Այնպես, որ այն մարդիկ ովքեր ուզում էին տեսնել վարպետին փայլելուց՝ ցավոք դժգոհ կմնան: Բյորգերը հարզազրույցի ժամանակ պատմում է թե ինչպես են նրանք ծանոթացել «Իլյուզիոնիստ» ֆիլմից հետո, և նշում մեծ դերասանի ֆանտաստիկ խաղը: Ինչ վերաբերվում է ֆիլմի գլխավոր դերասանին՝ Բրեդլի Քուպերին, պետք է ասել, որ նա բավականին լավ է կատարել իր դերը, իսկ դերը իրենից որաշակի բարդույթներ ներկայացնում էր քանի, որ ֆիլմում նրա խնդիրն է եղել մարմնավորել կարելի է ասել երկու տարբեր մարդկանց: Բյորգերը հավաստիացնում է, որ ստուդիային առաջին հերթին հետաքրքրում էր մեկ հարց՝ արժե՞ ֆինանսավորել ֆիլմ, դուրս գալով դերասանի անունից: Ի ուրախություն նրան այդ պահին արդեն դուրս էր եկել «The Hangover» ֆիլմը, որից հետո Բրեդլին դարձավ սուպերպոպուլյառ: Բացի քրեաթիվ և ճարտարախոս լինելուց ռեժիսորը ցանկանում էր, որ Բրեդլին կարողանա լինել անհաջողակ, իսկ այդ իրավիճակը Բրեդլիին ավելի քան ծանոթ է, քանի որ նա մի ժամանակ եղել է գործազուրկ և ֆռֆռացել է խղճուկ բնակարաններում, ահա թե ինչու է Բրեդլին այդքան լավ նայվում գլխավոր հերոսի կերպարը մարմնավորելիս:

«Խավարի գոտիներ» ֆիլմը վիզուալ առումով ցնցիչ է: Նիլ Բյորգերը շնորհիվ տեխնիկական լուծումների ցույց է տվել թե ինչպիսին է կյանքը՝ ֆիլմում նշված հատուկ դեղահաբը օգտագործած մարդու աչքերով: Հերոսի ամեն մի հոգեվիճակի համար ստեղծվել էր հատուկ գունապնակ, կինոխցիկի շարժում, արտիստական ոճ և ձևավորման կոնցեպցիա: Կարևոր դեր ունեն ֆիլմում սպեցէֆֆեկտները, որոնց շնորհիվ ռեժիսորը և նկարիչները փորձել են ցուցադրել թե ինչպես է գլխավոր հերոսը ընկալում և վերարտադրում ինֆորմացիան, երբ նա դեղահաբի ազդեցության տակ է: Ինչպե՞ս էկրանի վրա ցուցադրել գերուղեղի աշխատանքը. Բյորգերի խոսքերով խնդիրը լուծելու համար նա օգտագործել է հնարքներ որոնց դիմում էր առաջին անգամ, նրա մոտ մեծ էր ցանկությունը, որ հանդիսատեսը զգա ձեռքի աշխատանքի որակը: Բյորգերը ուսումնասիրել է ֆրակտալ պատկերները (անվերջ ինքնանման գեոմետրիկ ֆիգուր, որի ամեն մի ֆրագմենտը կրկնվում է մասշտաբը փոքրացնելու դեպքում) ու նաև կիրառել 360 աստիճան տեսադաշտի գաղափարը: Չափազանց հաճելի ու հետաքրքիր հնարք է նաև անսովոր երկար շարունավող zoom-ը, որով ֆիլմի ընթացքում կարող ենք հիանալ մի քանի անգամ: Կինոնկարի օպերատոր Ջո Ուիլեմսը Բյորգերի հետ միասին ստեղծել են ֆիլմի վիզուալ բառարան՝ գլխավոր հերոս Էդդին երբ հասարակ էր, նրանք նկարում էին ձեռքի կամերայով ու երկարաֆոկուս օբյեկտիվներով, իսկ լույսը դրվում էր այնպես, որ ստեղծվի «կեղտոտ» տպավորություն: Ֆիլմի սկզբում Էդդին չպետք է ունենար շատ լավ տեսք, իսկ ահա երբ նա ընդունում է դեղահաբը, նա կարծես դառնում է աշխարհի տիրակալը, և այս դեպքում օպերատորական ոճը լրիվ փոխվում է` սկսվում է կիրառվել լայնանկյուն օպտիկա և փափուկ լույս: Նման մանրակրկիտ աշխատանք է տարվել նաև գույների վրա, տարբեր տրամադրությունների ժամանակ փոխվում են գույները տաքից սառը, որի շնորհիվ մենք տեսնում ենք թե ինչքան անսկզբունքային մարդ է մեր հերոսը և թե ինչ անբարոյական արարքներ կարող է նա անել: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև ֆիլմի գործողության վայրին՝ Նյու Յորքին. Բյորգերը, ով գիտի այս քաղաքը ինչպես իր հինգ մատերը, ձգտել է ցուցադրել իրեն հարազատ քաղաքի տեսարանները և հաղորդել Մանհեթենի անկրկնելի պուլսը: Նկարահանումները տեղի են ունեցել Չայնաթաունում, Թրայբեքում, Չելիսում, Միդթաունում և կենտրոնական այգում: Սցենարիստը նշում է, որ Նյու Յորքը եզակի քաղաք է, «Խավարի գոտիների» պատմությունը կարող էր կատարվել միայն այստեղ, միայն այս քաղաքում է կարելի վեց շաբաթվա ընթացքում համեստ կյանքից հասնել միլիոնատիրոջ կյանքին: Բյորգերն էլ իր հերթին ասում է, որ կարելի է փորձել կառավարել ամեն ինչ նկարահանման հրապարակում և դա հրաշալի է, սակայն այդ դեպքում հեշտությամբ կարելի է սպանել Ձեզ շրջապատող վայրերը՝ «Մենք ուղակի թողեցինք հերոսին քաղաքի փողոցների վրա, որպեսզի նա միաձուլվի ամբոխի հետ, իսկ մեր փոքր և մոբիլ նկարահանող խումբը շարժվեց իր հետևից»: Եվ այս ամենը արվել է 26 միլիոն դոլարով, դիտելով ֆիլմը, և տեսնելով պարունակող ողջ շքեղությունը, կդատեք ինքներդ՝ շա՞տ է թե ոչ: Ամեն դեպքում վարձույթում ֆիլմը հաջովել է և հավաքել 116 միլիոն գումար: Ավանդույթը պահպանելով նշեմ նաև թե ինչ գնահատական են տվել rottentomatoes-ի քննադատները և հանդիսատեսը` համապատասխանաբար 69 և 75 տոկոս:

Ինչևէ, երևի թե այսքանը այս հոյակապ վիզուալ ատրակցիոնի մասին: Շատ ու շատ մեծ հարգանք առաջացրեց Նիլ Բյորգերը իր և իր անձնակազմի հանդեպ, իրոք բարձր որակի պատկեր ստանալու ու գերազանց լուծումներ հորինելու շնորհիվ, իսկ ինչ վերաբերվում է գաղափարին, ինչպես հասկացաք ես ընդհանրապես համաձայն չեմ ֆիլմը ստեղծողների հետ, ինչն էլ ինձ իրավունք է տալիս ֆիլմին անվանել «վիզուալ ատրակցիոն» և «ոչ խելոք թրիլլեր»:

Donnie Darko
mrchuk


«Դոննի Դառկո» անունը նույնիսկ Հայաստանում ծանոթ է գրեթե ամեն մեկին, ճիշտ է ոչ բոլորն են դիտել այն, սակայն անունը լսել են շատ շատերը: Նման հանրաճանաչությունը զարմանալի չէ, և ունի իր բացատրությունը. 2001 թվականին թողարկված ամերիկյան այս ֆիլմը թեկուզ և համաշխարհային վարձույթում ունեցավ մեծ անհաջողություն (տարբերակ կա, որ զուտ դիստրիբյուտորական սխալների պատճառով), սակայն հետագայում երբ այն թողարկվեց VHS-ների ու DVD-ների վրա, դարձավ շատերի երկրպագելի ֆիլմը, տարիների ընթացքում ձեռք բերելով մասսայականություն դարձավ պաշտելի (культовый) ֆիլմ ու հասավ նաև Հայաստան: Սակայն կարծիքները այս ֆիլմի մասին եղան և լինում են շատ տարբեր ու ծայրահեղական, (իհարկե կարծիքները տարբեր են լինում ցանկացած ֆիլմի համար, սակայն այս դեպքում սա ինչ որ ֆենոմեն է) ո՞րն է պատճառը, որ «Դոննի Դառկո» ֆիլմին մարդկանց մի մասը ծայրահեղորեն գնահատում է 10, իսկ մյուս մասը 1 բալերով:

Ամերիկացի ռեժիսոր Ռիչարդ Քելլին հիմա 36 տարեկան է, նա սովորել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի ռեժիսորական ֆակուլտետում և 96 ու 97 թվականներին նկարել իր առաջին կարճամետրաժ ֆիլմերը The Goodbye Place և Visceral Matter : Այս երկու աշխատանքներում ոչ միայն նկատվում է ռեժիսորի ձեռագիրը (ինչի առկայությունը շատ գովելի է) այլ նաև նրանցում կարելի է գտնել դետալներ որոնք Քելլին հետագայում օգտագործել է հենց «Դոննի Դառկո»-ում: 2001 թվականին, երբ Քելլին 26 տարեկան էր, նա 6 միլիոն դոլար բյուջեով նկարահանեց իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Դոննի Դառկո»-ն, որը դարձավ Քելլիի դեբյուտը կինեմատոգրաֆի աշխարհ ոչ միայն որպես ռեժիսոր, այլ նաև որպես սցենարիստ: Սկսած 2001-ից մինչ այսօր Քելլին նկարեց ևս երկու ֆիլմ, նա մնաց իր ոճի մեջ, քանի որ երկուսն էլ ֆանտաստիկա ժանրին էին պատկանում՝ 2006-ին «Southland Tales», և 2009-ին «The Box» Քեմերոն Դիազի մասնակցությամբ: Հարկ է նշել, որ Քելլին ակնհայտ խնդիրներ ունի ֆիլմերի ֆինանսական հարցում, այլ խոսքերով ֆիլմի բյուջեն վերադարձնելու՝ «Դառկո»-ից բացի նրա հաջորդ երկու ֆիլմերը նույնպես պարտվել են կինո շուկայում, իսկ դրանց բյուջեները նույնիսկ Հոլիվուդյան չափանիշներով այդքան էլ փոքր չէին՝ 17 և 30 միլիոն: Սա էլ հերքումն է այն կարծիքի, որ «Դոննի Դառկո»-ն դիստրիբյուտորի սխալի պատճառով չի կարողացել գոնե վերադարձնել բյուջեյի գումարը: Մեր օրերին գոյություն ունեն մի քանի կայքեր որոնց վարկանիշները կամա թե ակամա ազդում են մարդու կարծիքի վրա, նշենք դրանք. Rottentomatoes-ի կինոքննադատները «Դառկո»-ին տալիս են 85 իսկ հանդիսատեսները 77 տոկոս, imdb-ի հաճախորդները ֆիլմը միջինով գնահատել են 8.2, Metacritic-ում նույնպես շատ բարձր է գնահատվել ֆիլմը, ինչը չենք կարող ասել ամենահայտնի կինոքննադատ Ռոջեր Էբերտի մասին, ով 4 աստղից ֆիլմին տվել է 2,5: Որքանո՞վ է զարմանալի, որ նման ֆիլմը ոչ մի «մեծ» (հայտնի) մրցանակ չի ստացել, այն միայն նոմինացված է եղել 2001 թվականի «Սանդենս»-ին, սակայն այդ տարի հաղթող ճանաչվեց Հենրի Բինի՝ «The Believer» ֆիլմը:

Դոննի Դառկոն 16 ամյա տղա է, ով ֆիլմի հենց սկզբից ներկայանում է իր տարօրիանկությամբ: Ֆիլմի զարգացման ընթացքում տարօրիանկության հետ մեկ տեղ առաջ է գալիս նրա յուրահատուկ ու նաև հիվանդ լինելու վարկածը: Անհասկանալի բնավորություն ունեցող հերոսին մենք տեսնում ենք Ռեյգանի գլխավորած 80-ականների վերջի ամերիկայում՝ զուտ ամերիկյան պրոբլեմներով ընտանիքում, ռասիստական ու ոչ ազատ դպրոցում, և «սեփական տեսիլքների» մեջ: Դառկոյի կերպարը բարդ է, նա ողջ ֆիլմի ընթացքում տարբեր է՝ եթե մի տեղ նա կարող է դրական տպավորություն թողնել ապա հաջորդ դրության մեջ նրա վարվելակերպը կարելի է դատել որպես բացասական: Շփումը տարբեր մարդկանց հետ թույլ է տալիս բացահայտել Դառկոյի կերպարի մեծ մասը, բայց նկատեք ոչ ամբողջությամբ: Շատերը «Դոննի Դառկո» ֆիլմը իր ֆանտաստիկ, միստիկ կողմերով նմանեցնում են Դևիդ Լինչի ստեղծագործություններին, հատկապես «Թվին Փիքս»-ին: Որպեսզի չբացահայտեմ ֆիլմի սյուժեն ես միայն կնշեմ, որ պատմության մեջ հիմնական մասն է զբաղեցնում գլուխկոտրուկ երևակայությունը, որը մեկ անգամ դիտելուց անհասկանալի է մնում, նրա կապը սյուժեյի ու հերոսների հետ շատ ու շատ խճճված է: Փորձելով ոչ թե վերլուծել այլ գոնե հասկանալ ֆիլմը ես դիմեցի ընկերոջս, ում հետ մի քանի ժամ քննարկեցինք, և որպես արդյունք ստացանք միայն ենթադրություններ, իսկ նրանց վրա հիմնվելը այդքան էլ լուրջ չէ: Շատերը ասում են, որ ֆիլմում տիրող երևույթի ու նրա այդ նրբությունների վրա այդքան խորանալ շարժե, քանի որ դա ծուղակ է, սակայն ես դիմեցի գլուխկոտրուկը հասկանալու վերջին քայլին և դիտեցի հենց Քելլի մեկնաբանությունները ֆիլմի մասին, որից հետո միայն պարզ դարձան որոշ (ուշադրություն դարձրեք, որ որոշ ոչ թե շատ) բաներ: Պարզվում է, որ Քելլին շատ ավելի վեհ գաղափարներ է դրել ֆիլմի մեջ, ինչի մասին ես նույնիսկ պատկերացում էլ չունեի, և գոնե մեկ վայրկյան չէի էլ մտածել: Այնպես որ կամ ֆիլմը պետք է դիտել 2, 3 անգամ (սահմանապահի պես ուշադրության ունենալու մասին էլ խոսք չի գնում) կամ էլ 2, 3 անգամ ու ռեժիսորի մեկնաբանություններով: Երիտասարդ ռեժիսորի արված սխալների վրա կարելի է աչք փակել, եթե նա ունի մեծ ու ամենակարևորը սեփական գաղափար: Սակայն ես մեղադրում եմ Քելլիին ոչ թե նրա սխալների ու բացթողումների համար, այլ սյուժեյի չափից դուրս, հատուկ խճճման համար: Շատ ծավալուն և բարդ ֆանտաստիկ թեման (ինչը ֆիլմի գլխավոր գաղափարն է կազմում) Ռիչարդ Քելլին այնպես է տեղադրել ֆիլմում, որ զուտ տրամաբանական ճեղքերն, բացթողումներն ու «ռեժիսորական հեշտ լուծումները» ակնհայտ զգացվում են, դրա պատճառով Քելլին ֆիլմի թողարկումից 1001 օր հետո մոնտաժել է ռեժիսորական տարբերակը, որտեղ փորձել է ինչ որ բաներ շտկել… Ցավոք դա նրան հաջողվել է ոչ ամբողջությամբ: Այսպիսով եթե սիրում եք չեղած տեղը գլուխ կոտրել ապա «Դոննի Դառկո»-ի սյուժեն ճիշտ Ձեր համար է:

6 միլիոն բյուջեն Քելլին ծախսել է շատ արդյունավետ. գլխավոր դերում խաղում է այդ ժամանկներում դեռ ոչ այնքան հայտնի Ջեյք Ջիլենհոլը: Ֆիլմում Դոնի Դառկոյի քրոջ դերը տանում է հենց Ջեյքի հարազատ քույրը՝ Մեգի Ջիլենհոլը, ով իր եղբոր նման հայտնի չէ և մասնագիտությամբ դերսան չէ, սակայն խաղացել է ավելի շատ ֆիլմերում քան Ջեյքը և այդ ֆիլմերն էլ շատ անհայտ չեն: ֆիլմի 10 պրոդյուսերներից մեկն է Դրյու Բերիմորը, ով նաև խաղում է ֆիլմի երկրորդական կերպարներից մեկին՝ խելացի ու շատ հմայիչ ուսուցչուհուն: Երկրորդական դերերում տեղ են գտել նաև հանրաճանաչ Պատրիք Սուեյզին և այս ֆիլմով իր դեբյուտը նշող Սեթ Ռոգենը: Առանձին պետք է նշեմ Ջենա Մելոունին, ով իր գեղեցկությամբ (ով ֆոտոներում այդքան էլ գեղեցիկ չէ ինչքան ֆիլմում) ու ընդհանուր կերպարով ոչ միայն կարողացավ փոխել Դառկոյի պլանները, այլ նաև գրավեց ու հուզեց ինձ, ինչը որոշ չափով կարելի է նմանեցնել ապրումակցումի: Արդեն ասվեց, որ Դառկոյի կերպարը ու արարքները շատ հակասական էր, անձամբ ես ոչ մի վայրկյան չէի ապրումակցում նրան ֆիլմի ընթացքում և կարծում եմ, որ ոչ ոք այդպես չի էլ արել, սակայն կարծիքը լիովին փոխվում է վերջին տեսարանից, ու մեծ մասամբ ֆիլմից հետո…

Եթե ֆիլմի օպերատորական աշխատանքը լիովին ստանդարտ է, ապա սաունդթրեքը (հատկապես ընտրված ստեղծագործությունները (Score)) չեմ վախենա ասել ֆիլմի ամենագլխավոր արժանիքն է: Նման համարձակ կարծիք հայտնելու համար բավական էր INXS խմբի Never Tear Us Apart երգը, որը իմ համար հրաշալի բացահայտում էր, և իհարկե հանրաճանաչ Mad World-ը բայց ոչ թե Tears for Fears-ի այլ Մայքլ Էնդրյուսի կատարմամբ, որը վստահ եմ լսել եք շատ շատերդ: Հայտնի ու ոչ այնքան խմբերի երգերի շնորհիվ ընդգծվում է ֆիլմում ցուցադրվող ժամանակաշրջանը, դարձնելով այն հավաստի, իսկ արդեն Մայքլ Էնդրյուսի գրած երաժշտության շնորհիվ լուծվում է միստիկ ու ֆանտաստիկ տեսարանների հարցերը:

Շատ բարդ ու խճճված պատմություն Ռիչարդ Քելլի կողմից. ռեժիսոր ում սխալները ու բացթողումները ակնհայտ են, ռեժիսոր ով դեբյուտ անելով կինեմատոգրաֆում նկարեց իր լավագույն ֆիլմը, ռեժիսոր ում հետագա կարիեռան «Դառկոից» հետո (2001-մինչ այսօր) դեռ հեռու է հաջող լինելուց: «Դոնի Դառկո»-ն արդեն մտնում է պաշտելի ֆիլմերի ցուցակում, դա ուզած թե չուզած պետք է ընդունենք: Ամփոփելով ֆիլմը գալիս ենք հետևյալ եզրակացության` դիտեք, լսեք լավ երաժշտություն, տեսեք լավ դերասանական խաղ, և իզուր տեղը (իմ սուբյեկտիվ կարծիքով) գլուխ կոտրեք և առաջարկեք նոր, անիմաստ ենթադրություններ ֆիլմի սյուժեն բացահայտելու համար:

The Eagle
mrchuk


 Քեվին ՄաքԴոնալդի մասին ես առաջին անգամ լսեցի ոչ թե «Շոտլանդիայի վերջին թագավորը» ֆիլմից, այլ նրա և Րիդլի Սքոթի կազմակերպած պռոյեկտից, որը տեղի էր ունենում «Յութուբ» կայքում: Պռոյեկտին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները, պահանջը մեկն էր, Հուլիսի 24-ի ընթացքում կատարել նկարահանում (պատասխանելով ռեժիսորի տված 3 հարցերից մեկին կամ բոլորին) և նկարածը առանց մոնտաժելու ներբեռնել «Յութուբ»: Բազմահազար ուղարկված վիդեոներից (այդ թվում նաև իմ և ընկերոջս ուղարկած) հետագայում ընտրվեցին նրանք (ցավոք մերը մնաց «կառամատույցին») որոնցից ստեղծվեց ՄաքԴոնալդի նոր ֆիլմը՝ «Life in a Day»-ը, ինչի անունը արդեն ամեն ինչ ասում է իր բովանդակության մասին: «Life in a Day» նախագիծը թույլ է տալիս որոշ եզրակացություններ անել Քեվինի մասին, կարելի է ասել, որ նա փորձարար է և ինչու ոչ նաև նորարար: Շատ ցավալի է բայց նրա նոր ֆիլմը՝ «9-րդ Լեգիոնի Արծիվը» կամ ուղղակի «Արծիվը» մեղմ ասած թույլ է:

Մոտ կես տարի առաջ Ռուսական (նաև Հայկական) վարձույթ դուրս եկավ նույն թեմայով «Կենտուրիոն» ֆիլմը. եթե այդ կինոնկարը պատմում էր 9-րդ լեգիոնի ոչնչացման մասին, և պատմականորեն ճշգրիտ էր, ապա ՄաքԴոնալդի նոր ֆիլմի գործողությունները տեղի են ունենում դրանից 20 տարի հետո՝ 9-րդ լեգիոնի հրամանատարի որդին որոշում է գնալ Բրիտանիա և գտնել լեգիոնի ու ամբողջ հռոմեական կայսրության պատիվը խորհրդանշող արծիվը: Սա երևի ավելի շատ երևակայություն է, ինչը սակայն ոչ մի օգուտ չի տվել ռեժիսորին, քանի որ Քեվինը այդ երևակայությամբ ոչ մի նոր, հետաքրքիր կամ արժեքավոր գաղափար չի կարողացել ցույց տալ: «9-րդ Լեգիոնի Արծիվը» ֆիլմը անգլիացի գրող Ռոզմերի Սաթքլիֆի համանուն ստեղծագործության էկրանավորումն է, գիրքը թողարկվել է հեռավոր 1954 թվականին: Հանուն արդարության պետք է նշել, որ Քեվինը շոշափել է ազատությանը և ընկերությանը վերաբերող թեմաները՝ ի՞նչ է նշանակում ունենալ ստրուկ, հետո փոխվել տեղերով նրա հետ, ի՞նչ կլինի եթե արդար ու անկեղծ թշնամու հետ վտանգավոր ճանապարհ անցնել: Մտահաղացումը հետաքրքիր է սակայն իրագործումը շատ թույլ՝ կոպիտ ասած թեթևի մեջ, ինչը վայել չէ նման հայտ ներկայացնող ֆիլմին և նման ռեժիսորին: Մոտ 2 ժամ տևող պատմության սյուժեն նման է ոչ թե հեքիաթի (ասում են պատմական ֆիլմերը պետք է մի քիչ էլ հեքիաթ լինեն) այլ մուլտֆիլմի, քանի որ ընդհանրապես չի երևում որևէ բարդություն հերոսների նպատակների իրագործման մեջ: Ֆիլմի սյուժետային մասը շատ է կաղում, ես ոչ թե քննադատում եմ գիրքը, այլ ֆիլմի զուտ վիզուալ լուծումները՝ էքշնը անհասկանալի է և անորակ՝ կռվի տեսարանները քիչ են և փոքրածավալ: Այս ամենը ունի իր բացատրությունը, սակայն սա ոչ մի դեպքում արդարացում չէ, քանի որ ամեն ինչ արված է փող վաստակելու համար. PG 13 վարկանիշի պատճառով նատուրալիզմը բացակայում է՝ կռիվները ակնթարթային են մոնտաժված, ինչը ոչ միայն էպիկ չէ, այլ նաև տհաճ է, և տեղ-տեղ գլխացավ է առաջացնում: Ֆիլմը ունի մի առանձնահատկություն, սկզբից թվում է թե դա միայն նա է, որ չկա սիրային պատմություն, սակայն ուսումնասիրելով դերասնների կազմը երևում է, որ այստեղ ընդհանրապես չկա կանացի դեր: Մտահաղացումը նորից հետաքրքիր է, սակայն այս քայլը կլիներ հաջողված եթե կռիվները, ճակատամարտերը ու նպատակները շատ դժվար ու արյունալի լուծվեին, ճանպարհը լիներ տանջալի… Այդ դեպքում կարելի էր ասել, որ կնոջ համար ժամանակ ուղղակի չկա, իսկ ՄաքԴոնալդը եթե ընտրել է այս կիսա լուրջ տարբերակը ապա ընդհակառակը կանայք պետք էին, և պետք էր նաև սիրային պատմություն: Գլխավոր դերասանի ընտրությունը ևս մեկ պատճառ է, որպեսզի ֆիլմում լիներ սիրային պատմություն՝ Չանինգ Տատումի դերասանական խաղի և տեսքի մասին դեռ կխոսենք, սակայն մեկ բան հիմա էլ է պարզ, որ նա «կինոյի տղա» դերասաններից է և նրան պարտադիր ընկերուհի էր հարկավոր: Այսպիսով կարելի է ասել, որ լավ մտքեր ֆիլմում փորձել են տեղադրել, սակայն ցավոք դրանք չի հաջողվել իրականացնել:

Հոլիվուդյան չափանիշներով 25 միլիոն դոլարը համեստ բյուջե է համարվում, հատկապես պատմական ֆիլմերի համար: Նման պայմաններում ՄաքԴոնալդը կարողացել է ստեղծել համոզիչ մթնոլորտ, թե ինտերիեռներով ու էքստերիեռներով և թե դերասաններին այդ ժամանակների հագ ու կապ ապահովելով: Սակայն ինչպես քիչ առաջ նշեցինք պրոբլեմները ուշ թե շուտ երևում են ՝ կռիվների փոքրածավալ լինելը, կարելի է կապել հենց բյուջեյի քչության հետ: Մի փոքր խորանալով զինվորների քանակի հարցում, փորձենք համեմատություն տանել նույն թեմայով նկարահանված «Կենտուրիոն» ֆիլմի հետ, որտեղ կռիվները քանակը ու չափը գրեթե նույն մակարդակի վրա է (եթե ոչ ավելի բարձր): Նիլ Մարշալը իր «Կենտուրիոն»-ի վրա ծախսել է ընդամենը 12 միլիոն դոլար, և դա այն դեպքում երբ դերասանները ու մնացած անձնակազմը ոչնչով չեն զիջում կամ գերազանցում ՄաքԴոնալդի հավաքած կոլեկտիվին: Այս ամենին եթե գումարենք, որ երկու ֆիլմերն էլ նկարվել են գրեթե նույն խցիկներով, ապա ստացվում է, որ բրիտանացիները շատ ավելի ճիշտ և տեղին են ծախսում գումարը քան ամերիկացիները: Շարունակելով համեմատությունը հարկ է նշել մի անարդարության մասին՝ վարձույթում այս երկու ֆիլմերը ունեցան լրիվ տարբեր ճակատագրեր. եթե ավելի բարձր վարկանիշով ու փոքր բյուջեյով «Կենտուրիոն»-ը ջախջախվեց ու չկարողացավ հավաքել գոնե բյուջեյի կեսը, ապա ՄաքԴոնալդի ֆիլմը հավաքեց դեռ 1 միլիոն էլ ավել գումար, սակայն արդարացի կլիներ եթե ստացվեր ճիշտ հակառակը:

«Արծիվը» ֆիլմի դերասաններից խոսելիս, առաջինը ինչ աչքի է ընկնում դա գլխավոր հերոսին մարմնավորող Չանինգ Տատումն է: Նա իր միանման դեմքի արտահայտությամբ ու պահվածքով եթե կարողանում էր մի ձև «խաղալ» (տեսքի հաշվին) «Step Up»-ի նման ֆիլմերում (որոնցում գլխավոր շարժիչ ուժը դերասանի արտաքինն է համարում), ապա պատմական ֆիլմում, այն էլ ոչ հասարակ զինվորի խաղալուց, Տատումը անզոր է, նրա ստեղծած կերպարը միանգամից սկսում է վանել: Երկրորդական պլանի դերերը ի տարբերություն գլխավորի շատ համոզիչ են, հատկապես հիացնում են Դոնալդ Սազերլենդը և Մարք Սթրոնգը, սովորաբար նրանց երկուսին էլ մենք տեսնում ենք չարագործներին մարմնավորելիս: Իսլանդացի կոմպոզիտոր Էթլի Օրվարսոնը այս ֆիլմի սաունդթռեքի հեղինակն է, նրա գրած երաժշտությունը Բրիտանական ազգային ոճի մեջ է, նման երաժշտության սիրահարները գոհ կմնան, բայց դժվար այն հավակնի ավելիին: «9-րդ լեգիոնի արծիվը» ֆիլմի օպերատորական աշխատանքը ոչ մի տպավորություն չթողեց իմ վրա (չնայած, որ օպերատորն է անգլիացի, Օսկարակիր ու շատ հայտնի ֆիլմերի համահեղինակ Էնթոնի Դոդ Մենթլը), իսկ ահա գրիմյորները և կոստյումերները իրենց գտած լուծումներով թեթևակի շոկի մեջ գցեցին ինձ. Բրիտանիայի վայրենի ցեղերին ես ոչ մի տեղ այդպիսի հագուստներով և ատրիբուտներով չէի տեսել, ֆիլմի շատ կարևոր մաս կազմող ցեղի այդ անդամները ներկայացվում են մեզ ինչպես աֆրիկայի ցեղախմբերը… Շատ կտխրեմ եթե հանկարծ իմանամ, որ իրականում նրանք ունեցել են այն տեսքը, ինչը ունեն «9-րդ լեգիոնի արծիվը» ֆիլմում: Ամեն դեպքում պետք է հաշվի առնել մեկ փաստ՝ Քեվին ՄաքԴոնալդը Շոտլանդացի է, նա պետք է, որ մեզնից լավ իմանա Բրիտանիայի պատմությունը: Այս ֆիլմը ի տարբերություն նույն «Կենտուրիոն»-ի միայն Ամերիկյան է, բայց ՄաքԴոնալդը հավաքել է հնարավորին չափով Բրիտանական կոլեկտիվ, ինչի համար արժանի է գովերքի:

Եթե «Արծիվը» կինոնկարի ռեժիսորը չլիներ Քեվին ՄաքԴոնալդը ապա ես շատ կոպիտ կերպով ուղղակի կասեի՝ մի նայեք, իսկ հիմա ստիպված ասում եմ՝ չավարտված բայց արժեքավոր մտահաղացումներ ու գաղափարներ կան, եթե որևէ կերպ սա արդարացում է, ապա թող պատմական ֆիլմերի սիրահարները փորձեն դիտել:

Robin Hood
mrchuk


Րիդլի Սքոթի հարցազրույցը դիտելուց հետո անմեղ կերպով հասկացա մի բան, անգլիացի ռեժիսորը «Ռոբին Հուդ»-ը որոշել է նկարահանել զվարճանալու համար: Րիդլիի հումորային պատասխանները գուցե առկա են իր բոլոր հարցազրույցներում, սակայն «զվարճանալու» տարբերակը հավանական է, քանի որ կինոնկարը դիտելուց հետո հեշտությամբ զգացվում է, որ Սքոթը ողջ լրջությամբ չի մոտեցել աշխատանքին, բայց չնայած դրան, վարպետի նոր ֆիլմը ստացվել է շատ գեղեցիկ, էպիկական և միանշանակ արժանի է դիտման:

Յոթանասուներեքամյա անգլիացի ռեժիսորը նշում է, որ ցանկացել է ներկայացնել իրական պատմությանը շատ մոտ միջնադարյան Անգլիան և այնտեղ տիրող իրավիճակը: Ռեժիսորի այս խոսքերը արտացոլվում են ֆիլմում. «Ռոբին Հուդ» ֆիլմը հետաքրքիր է դիտել պատմությունը ուսումնասիրելու նպատակով, այն տևում է 2,5 ժամ, սակայն հոյակապ նկարված լինելու շնորհիվ դիտվում է մեծ հաճույքով, այս դեպքում երկար տևողությունը միայն առավելություն է: Հարցազրույցի ժամանակ Սքոթը պատմում է բարդ խնդիրների մասին` հանդիսատեսի հետաքրքրությունը պահել, էքշնը չպետք է անդադար լինի, պատմությունը պետք է պատմվի հանդիսատեսին հարմար արագությամբ և այլն: Նրա աշխատանքը դիտելուց հետո երևում է, որ ռեժիսորը կարողացել է հաջողությամբ լուծել իր առջև դրած խնդիրները: 200 միլիոն բյուջե ունենալով գուցե և շատերը կարողանաին սարքել աննման դեկորացիաներ և նկարահանել թագավորական հողերի վրա, եկեք պարզենք թե ինչու են շատերը այս ֆիլմը անվանում հիասթափություն, և թե ինչու այն rottentomatoes, metacritic և imdb կայքերում ունի շատ ցածր գնահատական:

Կարող է շատ զարմանալի թվալ, այնուամենայնիվ, ֆիլմի բոլոր արժանիքները (իսկ նրանք շատ են) փչացնում է ընդամենը մեկ բան, այդ մեկ բանը անկասկած ամենակարևորն է՝ Ռասել Քռոու… Ոչ ոչ սխալ մի հասկացեք, նա հիանալի դերասան է, բայց Ռոբին Հուդի դերը նրան տալը մեծ սխալ էր Սքոթի կողմից: Րիդլի Սքոթը սիրում է Ռասելին, նա միշտ հրավիրել է ավստրալացի դերասանին իր բազմաթիվ նախագծեր՝ գլխավոր դերը խաղալու համար (մեր մեջ ասած Սքոթը նույնիսկ ուզում էր, որ Ռասելը այս ֆիլմում խաղար միանգամից երկու դեր՝ նաև Նոթինգեմի շերիֆի): Ռասելը կարողանում է խաղալ ցանկացած կերպար, բայց այս ֆիլմում նա ամեն ինչ փչացրեց, ծիծաղելի և ամոթ կլինի ասել, որ նա չկարողացավ խաղալ, խնդիրը մեկ այլ բանում է: Հարցը կայանում է նրանում, որ մարդիկ Ռոբին Հուդին լիովին այլ կերպ են պատկերացնում: Թեկուզ և չկա ոչ մի հին նկար, որում պատկերված է «գողերի արքայազնը», և ոչ ոք չի կարող ասել թե ինչպիսին է նա եղել, միևնույնն է մարդիկ Ռոբինին պատկերացնում են ճարպիկ, արագաշարժ, ու մի քիչ ռոմանտիկ: Ցավոք սրտի Ռասել Քռոուն լրիվ հակառակն է, նա չափից դուրս տղամարդկային է, այնքան ամրակազմ է, որ կասծկածելի է դառնում օրինակի համար նրա ծառ բարձրանալու հավաստիությունը (թեկուզ նման բան ֆիլմում չկա), և վերջիվերջո նա միանգամից հիշեցնում է Մաքսիմուսին նույն Րիդլիի «Գլադիատոր» ֆիլմից, գոնե այս պատճառով Սքոթը պետք է զիջման գնար իր սկզբունքներին ու ընտրեր այլ դերասանի: Ռոբին Հուդի դերը տանելու համար հրավիրված էին երկու Բրիտանացի դերասաններ՝ Քրիսիթիան Բեյլը և Սեմ Ռայլին. նրանցից առաջինը կարծում եմ դերասանական խաղով չի զիջում (եթե չի գերազանցում) Քռոուին, և բացի դրանից նա քաջ հայտնի է իր մեծ աշխատասիրությամբ և կերպարին նվիրվելու ունակությամբ՝ օրինակ ռեկորդային կիլոգրամներ նիհարել դերի համար: Գլխավոր դերասանի հարցը այնքան է խանգարում, որ շատերը «Ռոբին Հուդ» ֆիլմում ընդհանրապես չեն տեսնում Ռոբին Հուդին, շատերը առաջարկում են փոխել ֆիլմի հերոսի անունը և խոստանում, որ այդ ժամանակ ընդհանրապես ոչ ոք չի գտնի նմանություն հայտնի նետաձիգի հետ: Այս ֆիլմում Ռասել Քռոուի ընտրությունը Րիդլիի գործած միակ սխալը չէ, կա ևս մեկ վիճելի գործոն, ինչը կարելի է գտնել Սքոթի նաև «Գլադիատոր» ֆիլմում. խոսքը գնում է անտագոնիստի չափազանց անհամոզիչ արարքների մասին: Հանուն արդարության պետք է նշել, որ երկու դեպքում էլ Սքոթի մոտ շատ բարդ ու անհույս կերպարներ են ընկել՝ Կոմոդուս և Հողազուրկ Յոհան այնուամենայնիվ նման ռեժիսորը պարտավոր էր գոնե մի քիչ՝ սիմվոլիկ կերպով արդարացնել նրանց արածը, որպեսզի գլխավոր հակառակորդների կերպարները աբսուրդ չստացվեին: Այլ է «Ռոբին Հուդ» ֆիլմի մյուս՝ հիմնականում երկրորդ պլանի կերպաների հարցը. թե Քեյթ Բլանշեթը և թե Մաքս ֆոն Սյուդոֆը հիանալի են նայվում իրենց խաղացած դերերում, դերասանական խաղը ինչպես միշտ քննարկումից դուրս է: Նրանց թվին կարելի է ավելացնել նաև Մարք Սթրոնգին, ով մարմնավորում է դավաճան ասպետի, սխալ չի լինի նաև, եթե նրան համարենք գլխավոր անտագոնիստ՝ նրա կատարած ստոր արարքները ի տարբերություն Հողազուրկ Յոհանի կատարածների շատ մոտիվացված են, ինչը բարձրացնում է ֆիլմի մակարդակը: Ընդհանրապես այս պատմության մեջ անտագոնիստները շատ-շատ են, թեկուզ նույն Նոթինգեմի շերիֆը, որի կերպարը հետաքրքիր է, բայց ցավոք այստեղ այն շատ չի բացահայտվել, քանի որ եթե դա էլ արվեր ֆիլմը կերկարեր ամենաքիչը կես ժամով: Ընդգծված գլխավոր չարագործ այստեղ չկա, այս հարցը շատ սուբյեկտիվ է. իմ դեպքում անտագոնիստը Ռիչարդ թագավորի եղբայրն է, եթե համաձայն եք ապա վերը նշված Սքոթի երկրորդ սխալը բացատրված է, բայց եթե Դուք տեսնում եք չարագործին Գոդֆրիի մեջ, ապա սխալը վերանում է, և դեռ հակառակը անտագոնիստը դառնում է շատ հետաքրքիր:

Կերպաների քննարկումը թողնելով հետևում մի քիչ էլ անդրադառնանք մեծ բյուջե ունեցող այս ֆիլմի օպերատորական աշխատանքին, երաժշտությանը և դեկորացիաներին: Ֆիլմի նկարահանումների մասին պատմող տեսահոլովակներում դիտելով նկարիչների ու ինժեներների կատարած աշխատանքը գալիս է պահ, որ ցանկանում ես կանգնել ու ծափահարել. Զրոյից դեկորացիաների միջոցով կառուցվել է Նոթինգեմ քաղաքը՝ ամրոցներով, գյուղական տներով ու այգիներով, ստեղծողները նշում են, որ այդ ամենը ոչ միայն ստեղծում է մթնոլորտ ֆիլմում, այլ նաև օգնում է դերասաններին մտնել դերի մեջ և էլ ավելի հարմար զգալ որևէ էպիզոդում խաղալիս… նրանց հետ չհամաձայնվել չի կարելի: Ֆիլմում օգտագործվող հագուստները ու զենքերը կարվել ու սարքվել են անհատականորեն` ամեն մի կերպարի համար, այս մանրակրկիտ աշխատանքը նույնպես նկատվում է էկրանին և հիանալի արդյունք տալիս: Գերմանացի կոմպոզիտոր Մարկ Ստրեյտենֆելդը, ով աշխատել է դեռ միայն Սքոթերի ընտանիքի հետ, նպատակ է դրել այս ֆիլմում վերհիշել հին անգլիական մեղեդիների հնչողությունները, մասամբ դա նրա մոտ ստացվել է՝ սաունդթռեքում կան ինչպես շատ հաճելի ու հիշվող ստեղծագործություններ այնպես էլ հակառակը: Օպերատորական աշխատանքը այս ֆիլմում շատ բարձր մակարդակի վրա է՝ գույները որտեղ որ պետք է հյութալի են, որտեղ որ ոչ՝ մռայլ, բայց շատ հետաքրքիր երանգներով, կամեռան աշխատում է դինամիկ՝ բարձրանում է անհավանական բարձրությունների, էպիկական ցուցադրում ընդհանուր պլանները, իսկ միջին ու խոշոր պլաններին հաղորդում հետաքրքրություն: Օպերատոր Ջոն Մեթիսոնը փորձառու վարպետ է, նա նույնպես համագործակցել է Րիդլի Սքոթի հետ բազում ֆիլմերում, այնպես որ այս տանդեմը ստուգված և աշխատող է:

Ռասել Քռոուն, Բռայան Գռեյզեռը և Րիդլի Սքոթը այս ֆիլմի հիմնական պրոդյուսերներն են, երևի թե նրանք ակնկալում էին այս նախագծից ավելի շատ գումար. եթե մեր համար 322 միլիոն դոլարը աստղաբաշխական թիվ է, ապա Հոլիվուդում դա այսպիսի անձնակազմի և այսպիսի նախագծի համար միջին ցուցանիշ է, պետք չէ մոռանալ, որ ֆիլմի բյուջեն կազմում է 200 միլիոն: Ամեն դեպքում ծախսված գումարը լրիվ արդարացված է, պատմությունը գեղեցիկ ու հետաքրքիր՝ միանշանակ դիտման արժանի՝ վայելեք:

The Fighter
mrchuk


Կարևորը ընտանիքի միասնությու՞նն է

«Մարտիկ» ֆիլմի մասին խոսելիս պետք է միանգամից հաշվի առնել, որ սա պատմություն է ոչ թե ռինգում կատարվող կռվի, այլ իրական կյանքի «բռնցքամարտի» մասին, այս հատկությունը միանգամից առանձնացնում է իրեն «Ռոկկի» ֆիլմաշարից, որտեղ միանշանակ բռնցքամարտը առաջնայինն էր: Այս ֆիլմը ես ուղարկում եմ Ռոն Հովարդի «Նոքդաուն»-ի և Դառեն Առոնոֆսկու «Ռեսթլեր»-ի կողքին, անվանելով այս շարքը՝ «սպորտսմենի կյանքի ոչ սպորտային հուշեր»: Հատկապես Հովարդի ֆիլմին այս գործը նմանեցվում է ևս մեկ բանով՝ նրանք երկուսն էլ հիմնված են իրական փաստերի վրա, այսինքն պատմում են իրական բռնցքամարտիկների մասին: Սակայն այնուամենայնիվ տարբերությունն էլ բավականին մեծ է, ավարտենք համեմատությունները և փորձենք տեսնել թե ինչ է իրենից ներկայացնում 2010 թվականին «Օսկար»-ում ներկայացված ուղղակիորեն թե աննուղակիորեն սպորտի մասին պատմող միակ ֆիլմը:

Եթե չլիներ Մարկ Ուոլբերգը, ապա դժվար թե այս ֆիլմը նկարահանվեր. բազմաթիվ դժվարություններից՝ ռեժիսորի ու դերասանների փոփոխություններից հետո կինոընկերությունը պատրաստ էր հրաժարվել ֆիլմից, սակայն Ուոլբերգը մանկուց երազում էր հաստատվել սպորտում, դրա համար առանձնակի վերաբերմունք ուներ այս ֆիլմի նկատմամբ, նա պայքարեց և մասնակցեց ֆիլմում նաև որպես պրոդյուսեր: Հիսուներկուայմա ամերիկացի Դևիդ Օուեն Ռասսելը, ով հայտնի ռեժիսոր չի համարվում, գլխավորեց պրոյեկտը, ենթադրելի է, որ նրան հրավիրել է Ուոլբերգը, քանի որ նրանք միասին աշխատել էին դեռ 1999-ը թվականին, երբ Դևիդը նկարում էր իր «Երեք Թագավոր» ֆիլմը, որտեղ գլխավոր դերերից մեկը տանում էր հենց Ուոլբերգը: Դևիդը այս ֆիլմում հրաշալի աշխատանք է տարել և հիմա նոմինացված է «Օսկար»-ի որպես լավագույն ռեժիսոր, և դրանով կարելի է ասել արդեն իսկ հայտնի է դառնում:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Միքի Ուորդը ամենափոքր երեխան էր իր ընտանիքում, նրա մայրը ուներ մի քանի ամուսիններ, ինչի հետևանքով Ուորդը ուներ 7 քույր և մեկ եղբայր՝ Դիքին, ով նույնպես բռնցքամարտիկ էր: Դիքին իր ժամանակներում տարել է մի վիճելի հաղթանակ, որի շնորհիվ հայտնի է դարձել իրենց քաղաքում, սակայն հետագայում նա թողել է սպորտը թմրանյութերի պատճառով: Միքի Ուորդի մոտ ծանր շրջան է, նա անընդհատ կրում է պարտություններ և օրերից մի օր հասկանում, որ դրանում մեղավոր է իր ընտանիքը, նա որոշում է շարժվել սեփական կյանքով…

Ընտանիքի ներսում կատարվող հուզիչ ու ազդեցիկ բախումները կազմում են ֆիլմի կարևորագույն մասը: Այս պատմության ընթացքում հերոսը ոչ թե մեկն է, այլ երկուսը՝ Միքի և Դիքի եղբայրները, այս փաստը նույնպես առանձնացնում է «Մարտիկ» ֆիլմը մնացածներից: Երկու ժամի ընթացքում առաջ է քաշվում մի շարք կարևոր խնդիրներ՝ թմրանյութից կախվածություն, սիրած էակի ազդեցություն կյանքի հայացքներին, եղբայրական վեճ և կուրորեն ձգտում դեպի փողը. այս ամենը Դևիդ O. Ռասսելը կարողացել է խառնել մի մեծ կաթսայի մեջ, որը կոչվում է ընտանիք: Ամբողջ հետաքրքրությունը գալիս է նրանից, որ գիտակցում ես այդ ընտանիքի ոչ ստանդարտ լինելուն, սակայն արդյո՞ք ամեն դեպքում պետք է լինել միասին, համախմբված: Միքիի մոտ կան խնդիրներ ոչ միայն եղբոր ու մոր հետ, այլ նաև իր նախկին կնոջ, որից նա ունի երեխա և հազվադեպ է կարողանում տեսնել նրան: Թե ինչպիսին է ստացվել Ռասսելի պատրաստած գաղափարը ես չեմ ասի, կասեմ միայն, որ այն կլինի կծու, թթու կամ դառը, սակայն կլինի շատ համեղ, գուցե և մի քանի օր համը մնա Ձեր բերանում:

Ֆիլմում կերպարները մշակված են շատ բարձր մակարդակի վրա, այդ իսկ պատճառով «քար» Մարկ Ուոլբերգը շատ լավ է նայվում իր դերում, իսկ անզուգական Քրիսթիան Բեյլը ևս մեկ անգամ ցուցադրում է իր տաղանդը և «Օսկար» ստանալու լուրջ հայտ ներկայացնում: Բեյլի կերպարի մասին կուզենայի ավելի մանրամասն խոսել՝ նա շատ յուրօրինակ է, նա թմրամոլ է, գող է, նա սիրում է իր որդուն և վերջապես նա ուզում է տեսնել եղբոր հաջողությունները, գուցե իր, գուցե եղբոր համար: Բեյլը իր շարժումներով, միմիկայով՝ հատկապես թմրամոլի աչքերով ու խոսքով ստեղծում է իր լավագույն կերպարներից մեկին, եթե ոչ լավագույնին: Եթե «The Machinist» ֆիլմում նա նիհարել էր ռեկորդային 30 կիլոգրամ, ապա այս ֆիլմում նա քաշ կորցնել պարտավոր չէր, սակայն Բեյլը ևս մեկ անգամ ապացուցում է իր նվիրվածությունը ստեղծած կերպարի ու ողջ ֆիլմի հանդեպ՝ նա սկսում է պահել դաժան դիետա, իրավիճակը հասնում է նրան, որ Մարկ Ուոլբերգը հրապարակայնորեն սկսում է անհանգստանալ նրա առողջությամբ: Այս ֆիլմի դերասաննուիներից միանգամից երկու հոգի նոմինացված են երկրորդ պլանի լավագույն կանացի դեր անվանակարգում, դրանք են Միքիի ընկերուհի Էմի Ադամսը և նրա մայրը Մելիսա Լեոն: Նրանք երկուսն էլ փորձառու դերասանուհիներ են, միասին եթե հաշվենք նրանք նկարահանվել են 156 ֆիլմերում, որը հիանալի ցուցանիշ է, սակայն նրանք նույնպես անհայտ են ինչպես և ֆիլմի ռեժիսորը: «Մարտիկ» ֆիլմի ողջ հմայքը կայանում է նաև նրանում, որ իր ակտիվ, անկաշկանդ ու էմոցիոնալ երկխոսությունների շնորհիվ բացահայտում է հերոսների բնավորությունը և դերասանների տաղանդը միաժամանակ: Այդպիսով թե մայրը և թե ընկերուհին ֆիլմի ընթացքում հայհոյում են, կռվում են, հիասթափվում են, և ուրախանում են, նրանք երկուսն էլ իրենց դերերը տանում են փայլուն: Այսքանից հետո կարող ենք հստակ ասել, որ դերասանական խաղը այս ֆիլմի գլխավոր շարժիչ ուժն է:

25 միլիոն դոլար բյուջե ունեցող այս ֆիլմը ունի վիզուալ շատ հետաքրքիր բնույթ: Ֆիլմի ընթացքում մենք տեսնում ենք թե ինչպես են նկարահանում ֆիլմ Դիքիի մասին, պարբերաբար տեսնում ենք կադրեր, որոնք նկարված են հեռուստատեսային ոճով, ինչը հիշեցնում է, որ պատմությունը իրական փաստերի վրա է նկարված, իսկ վերջում արդեն մենք մի քանի վայրկյան կարող ենք տեսնել նաև իրական եղբայրներին: Մնացած ամեն ինչով ֆիլմը նկարված է ստանդարտ ոճի մեջ, և երևի թե հենց դա էլ լավագույն տարբերակն էր այս տիպի ֆիլմի համար: Ինչ վերաբերվում է ֆիլմում հնչող երաժշտությանը, ապա անկեղծ ասած ոչինչ չի տպավորվել, եթե չեմ սխալվում կոմպոզիտորի հեղինակային ստեղծագործություններ չկային, չնայած որ նշվում է Մայքլ Բրուկի անունը:

«Մարտիկ» ֆիլմը արժե դիտել դերասանների խաղի, ու սպորտսմենի ներքին կյանքը՝ պրոբլեմները, բարդույթներն ու խոչնդոտները զգալու համար: Սակայն այս ֆիլմը ունի մեկ մեծ խնդիր, ֆիլմում հարաբերությունները ու իրավիճակները կարող են շատ խորթ ու տարօրինակ թվալ, և հարցը այն չէ, որ սա Ամերիկան է… Դերասանները իրենց հոյակապ խաղով, ֆիլմին հաղորդում են իրականություն (սա շատ մեծ բան է իրական փաստերի վրա նկարված ֆիլմի համար), բայց ոչ մի կերպ նրանք ինձ մոտ չեն ստեղծում ապրումակցում, քանի որ գործում է համարժեք վանող ուժը՝ հերոսների խորթությունը, սա շատ կարևոր խնդիր է մարդկանց, հարաբերությունների ու ընտանիքի մասին պատմող ֆիլմի համար:

Sanctum
mrchuk


Օրհնյալ Քսանադ երկրում
Մառազմ սարքեց Քեմերոն Խանը,
Որտեղ 3D-ն է վազում սուրբ հոսքով,
Խավար, փրփրոտ հսկա քարանձավների միջով
Ընկնում է քնկոտ օվկիանոս:

Այն ինչ արեցի ես անգլիացի գրող-ռոմանտիկ Սեմյուել Թեյլոր Քոլրիջի բանաստեղծության հետ կարելի է վանդալիզմ համարել, հավատացեք, որ նույն բանը արել են «Սանքտում» ֆիլմի ստեղծողները:

Հեռավոր 1988 թվականին 20 հոգի կազմակերպել էին արշավ դեպի Ավստրալիայի «Նալարբոր» հարթավայրում գտնվող քարանձավ: Այդ վայրերի համար հազվագյուտ համարվող ցիկլոնային փոթորիկը ծուղակի մեջ գցեց արշավականներից 15 հոգու, այդ թվում նաև Էնդրյու Ուայթին՝ արշավականների ղեկավարին և «Սանքթում» ֆիլմի պրոդյուսերին ու սցենարիստին: Աղետալի այս իրադարձությունը ունեցավ բարի ավարտ և բոլոր դայվերները փրկվեցին փրկարարների և սեփական ուժերի շնորհիվ: Ինչևէ բավականին հուզիչ պատմություն է, գուցե հրաշալի ֆիլմ ստացվեր եթե Էնդրյու Ուայթը Ջեյմս Քեմերոնի հետ էկրանավորեր հենց այս պատմությունը, այլ ոչ թե «իրական փաստերի վրա նկարված» անունի տակ մեզ խաբեր պարզամիտ, սխալներով լեցուն հեքիաթով, որը կապված է իրական միջադեպի հետ այնքան, ինչքան Կուբլայ Խանը «Պանդորա» մոլորակի հետ:

Ավստրալացի քառասուներկուամյա ռեժիսոր Ալիսթեր Գրիրսոնը, ով մինչ այս նկարել էր ընդամենը 2 ֆիլմ (որոնցից մեկը կարճամետրաժ՝ 4 րոպեանոց) ստանձնեց «Սանքթում» ֆիլմի ռեժիսորի դերը: Իսկ ահա Էնդրյու Ուայթը, ով 4 հեռուստա և մեկ դոկումենտալ ֆիլմերի պրոդյուսեր է, երբևիցե չէր գրել սցենար, այս ֆիլմը նրա առաջին սցենարական աշխատանքն է: Նրան այդ գործում օգնել է Ջոն Գարվինը, ով նույնպես նշում էր իր դեբյուտը, բայց ի տարբերություն Ուայթի չունի ոչ մի այլ աշխատանք կինոյի ասպարեզում, այլ խոսքերով նա նշում է իր դեբյուտը կինեմատոգրաֆում: Սկսնակ և անհայտ այս մարդկանց կարելի է գումարել նաև10 դերասաններից 8-ին, և օպերատորին, արդյունքում այս կոլեկտիվը ապացուցում է, որ նույնիսկ 30 միլիոն դոլարը և լավագույն 3D կինոխցիկները չեն կարող օգնել նկարել գոնե միջին մակարդակի ֆիլմ, եթե ֆիլմի սյուժեն զառանցանք է, երկխոսությունները հայկական սերիալների մակարդակի, դերասանների խաղը ցածր մակարդակի, իսկ վիզուալ մասերը շատ թույլ: Փորձեմ մանրմասնել այս ամենը անդրադառնալով ամեն մեկին հերթով:

Այն որ ֆիլմում կատարվող իրադարձությունները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը դա փաստ է, բայց հաշվի առնելով, որ ֆիլմի սցենարիստը զբաղվել է դայվինգով, և նշում է, որ ազդված է «Նալարբոր»-ի դեպքից, կարելի է ենթադրել, որ ֆիլմում ներկայացված ցանկացած փոխված իրադարձությունները գոնե կլինեն իրականին նման, այսինքն այնտեղ չպետք է լինեն սխալներ, ու բոլոր նրբությունները պետք է վայել լինեն մասնագետ մարդուն: Ֆիլմը դիտած մի քանի սպելեոլոգներ քննադատում են ֆիլմում կատարվող բոլոր իրադարձությունները, մասնավորապես Ուկրաինայի սպելեոլոգների ասոցիացիայի փոխնախագահ՝ Յուրիյ Կասյանը նշում է, որ «Սանքթումը» սկզբից մինչև վերջ ծաղրերգություն է սպելեոլոգների և սպելեոլոգիայի վրա: Ակնհայտ սխալները ես չեմ թվարկի, սակայն եթե Ձեզ հետաքրքիր է ապա կարող եք գտնել դրանք այս հոդվածում, իսկ ես միայն կմեջբերեմ Կասյանի ասած մի արտահայտություն, որը իրոք շատ ցավալի է.
«Եթե պրեմիեռայից առաջ թվում էր թե ֆիլմը ցույց կտա թե որքան լավն են սպելելոգները և դրա շնորհիվ մեր շարքերը նոր մարդկանցով կհամալրվեր, ապա հիմա մարդիկ կմտածեն թե սպելեոլոգները հիմարներ են»:
Մեկ այլ մասնագետ նույնպես կասկածի տակ է առնում ֆիլմի հերոսներին, անվանելով նրանց հոգեկան հիվանդներ, և նշելով, որ նման մարդիկ իրենց ոլորտում չեն լինում: Թողնելով մի կողմ այս ֆիլմի համար ամենակարևորը՝ իրականությունը, և նայելով մնացած ամեն ինչին կհամոզվենք, որ «Սանքթում»-ը կատարյալ անհաջող ֆիլմ է: Rottentomatoes և Metacritic կայքերը տալիս են շատ ցածր վարկանիշ, հայտնի կինոքննադատ Ռոջեր Էբերտը նույնպես գնահատել է ֆիլմը շատ ցածր, նշելով մի շարք խնդիրներ, հատկապես 3D-ի որակի ու կիրառման մասին: Եթե շատերը ուզում էին դիտել այս ֆիլմը գեղեցիկ ջրային աշխարհը տեսնելու համար, ապա միանշանակ նրանք խաբված դուրս կգան այն դիտելուց հետո, քանի որ նախ ստորջրյա ոչ մի գեղեցկություն մեզ չի ցուցադրվում և հետո նկարվածը չի գայթակղում իր ծավալով, քանի որ չկա ֆոկուս առաջին պլանի օբյեկտների վրա (սա նկատել է թե Էբերտը և թե ես դիտելով ֆիլմը մեծ էկրանին՝ 3D տարբերակով): Պարտադիր չէ լինել օպերատոր՝ հասարակ հանդիսատեսը նույնպես կարող է հորինել նույն տեսարանին վերաբերվող պարզ կադրեր, որոնք չափազանց լավ կդիտվեին 3D-ով, սակայն չգիտես թե ինչու ֆիլմի օպերատոր Ժուլ Օ՛Լոֆլինը ընտրել է այլ՝ շատ անհետաքրքիր դիտանկյուններ և շարժումներ: Քեմերոնի նորագույն տեխնոլոգիաների օգուտը մենք չտեսանք, սակայն ինչպես միշտ նա կարողացավ կոմերցիոն հաջողություն ունենալ. արդեն հիմա՝ համաշխարհային պրեմիեռայից 23 օր հետո նա հավաքել է բյուջեից երկու անգամ ավելի շատ գումար:

Լատիներենից թարգմանաբար Սանքթում նշանակում է՝ սուրբ, սրբավայր… Դուք իրավացիորեն կհարցենք թե ի՞նչ կապ ունի այն այս ֆիլմում կատարվածի հետ: Հարցը նրանում է, որ սցենարիստը ուզեցել է ինքն էլ չգիտի ինչ մտցնի ֆիլմում, որ գոնե այն լրիվ դատարկ չլինի. կարծում եմ ավելի լավ կլիներ լրիվ դատարկ, քան ճչող պաթոսով ու ծիծաղելի ռոմանտիկ: Ռիչարդ Ռոքսբուրգի մարմնավորած կերպարը պատմության ընթացքում արտասանում է Սեմյուել Թեյլոր Քոլրիջի բանաստեղծություններից մեկը, ինչը շարքային սարսափ ֆիլմերին վայել՝ մարդուց կոտլետ սարքելու արդյունքները խոշոր պլանով ցուցադրելու կողքին, թվում է ամենաքիչը ծիծաղելի: Նույնը կարելի է ասել հայր և տղա հարաբերությունների մասին, ինչի վրա իբրև թե շեշտ է դրված: Բնականաբար վատ սցենարը իր ազդեցությունն է ունենում ամեն ինչի վրա, երբ հերոսները հնչեցնում են հիմար արտահայտություններ, կամա թե ակամա սկսում ես կասկածել դերասանների խաղի վրա, ինչը ծիծաղելիից արդեն անտարբեր է դարձնում հանդիսատեսի վերաբերմունքը հերոսներին:

Կարծում եմ չի լինում այնպիսի ֆիլմ, որի մեջ գոնե մեկ բան լավը չլինի, այս դեպքում պետք է առանձնացնեմ սաունդթռեքից ընդամենը մեկ թռեք՝ հենց առաջինը: Էթնիկ ոճի վոկալը հիանալիորեն միաձուլված է ճնշող երաժշտության հետ: Ֆիլմի կոմպոզիտորն է Դևիդ Հիրշֆելդերը, ով երևի միակ փորձառու մարդն է ողջ կոլեկտիվից, նա աշխատել է 42 ֆիլմերում:

Գրեթե 2 ժամ է տևում Ջեյմս Քեմերոնի հերթական փող աշխատելու միջոցը: Եթե այն ֆիլմերը որտեղ նա հանդես է գալիս որպես ռեժիսոր, իրենցից ներկայացնում են արժեք, ապա այստեղ՝ այն ֆիլմում որտեղ նա գլխավոր պրոդյուսերն է, լրիվ հակառակն է: Ասում են Քեմերոնը անձամբ է նկարել որոշ տեսարաններ և անձամբ մոնտաժել այս ֆիլմը, միևնույնն է այդքանից հետո ես «Սանքթում» ֆիլմը անվանում եմ «գռդոն» և ավարտում հոդվածը Էբերտի խոսքերով.
«Ահա մի ֆիլմ, որը կարող է միայն վնասել Քեմերոնի և 3D-ի համբավը»: